Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կապված գործով մեղադրանք է առաջադրվել ևս 1 անձի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին վերոհիշյալ գործով քրեական հետապնդում է իրականացվում 8 անձի նկատմամբ։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրանք էր առաջադրվել 7 մարդու նկատմամբ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ ներգրավվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Մի քանի ժամվա ընթացքում խափանման միջոցի հարցով դատարանը պետք է որոշում կայացնի։
ՔԿ–ից հայտնում են նաև, որ այդ 8 անձանցից 5-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում նրանցից մեկը։
Նշվում է նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։