Բա ի՞նչ եք ուզում՝ գլոբալ ջերմացում է։ Եղանակային կանոնավոր դիտարկումների մեկնարկից հետո առաջին անգամ 12 ամիս շարունակ, այսինքն մի ողջ տարվա ընթացքում, միջին ջերմաստիճանն աշխարհում զրոյից չի իջել։
Մենք միայն շարունակ խոսում ենք մեր հարազատ մոլորակի մթնոլորտի տաքացումը դադարեցնելու անհրաժեշտության մասին, որոշ բնապահպաններ համաշխարհային համբավ են ձեռք բերել, Ամերիկայի նախկին փոխնախագահ Ալ Գորը նույնիսկ Նոբելյան մրցանակ է ստացել համաշխարհային ջերմացումը կանխելու մասին իր աշխատությունների համար, էլեկտրամոբիլներ արտադրողները պատկառելի եկամուտներ են ստանում, քանզի առանձին պետություններ մտադիր են առաջիկա տարիներին ընդհանրապես հրաժարվել բենզինով ու գազով աշխատող ավտոմեքենաներից, բայց, ինչպես ասում էր Կռիլով պապիկը, սայլը մինչև հիմա էլ իր տեղում է։
Մեղավորը նաև մենք ենք՝ անպատասխանատու քաղաքացիներս։ BBC-ն հուշում է, թե ինչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը գլոբալ տաքացումը գոնե մի փոքր մեղմելու համար։ Կրճատե′ք ձեր թռիչքներն ինքնաթիռով։ Կանե՞ք։ Իհարկե չեք անի։
Բայց գոնե տվյալ դեպքում հայաստանցուն մեղադրելն անարդարացի է։ Բա ի՞նչ անի։ Ես, օրինակ, մեքենա չունեմ, սակայն մեծ հաճույքով ավտոբուսով կգնայի, ասենք, Փարիզ՝ ճանապարհին մի քանի երկիր տեսնելով։ Բայց որտե՞ղ է Երևան-Փարիզ այդ ավտոբուսը։ Նույնիսկ գնացքով կգնայի, բայց Թուրքիան իսպառ դադարեցրել է բանակցությունները ապաշրջափակման շուրջ, վրացիներից հույս չկա, որովհետև նրանք բոլորովին շահագրգիռ չեն, որ մենք իրենց տարածքով ուրիշ տեղ գնանք, այլ ուզում են, որ Բաթումիում և մերձակա առափնյա բնակավայրերում ամռանը ծախսենք մեր փողը։ Իսկ Ադրբեջանի տարածքով գնալը պարզապես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, նույնիսկ եթե վերջապես լուծվի Մեղրիի հատվածի անլուծելի թվացող հարցը։
Լավ, գոնե տավարի միս քիչ կերեք, ասում են բնապահպանները՝ փաստելով, որ ջերմոցային էֆեկտ առաջացնող վնասակար գազերի մի զգալի մասը կովերն են արտանետում։ Միամիտ մարդիկ են. կարծում են, թե հայաստանցին պատրաստ է իր հարազատ լանգետը զոհաբերել հանուն համամարդկային նպատակների։ Տո անցած տարի մեզ հորդորում էին՝ գոնե մի ժամով կտրվե′ք սիրելի բազկաթոռից, դո′ւրս եկեք փողոց ու բողոքե′ք Արցախի շրջափակման դեմ, դա էլ չէինք անում, իսկ դուք ասում եք՝ գլոբալ տաքացում։ Թող բնապահպանները դրանով զբաղվեն։ Ախր, բնապահպաններից ոմանք, հսկայական դիվիդենտներ շահելով էկոլոգիական գործունեությունից, հիմա բոլորովին այլ բաներով են զբաղվում։ Վերցրե′ք, թեկուզ, այդ խրոխտ տեսքով աղջնակ Գրետա Թունբերգին։
5 տարի առաջ Գրետան իր հայրենիքում՝ Շվեդիայում, հայտնի դարձավ նրանով, որ դասի չէր գնում, այլ երկրի պառլամենտի դիմաց նստացույցեր և բողոքի այլ ակցիաներ էր կազմակերպում բնապահպանական պահանջներով։ Նա շրջեց աշխարհով մեկ, բուռն ծափահարությունների արժանացավ միջազգային կազմակերպություններում, որոնցից մի քանիսը նույնիսկ Նոբելյան մրցանակի ներկայացրին նրա թեկնածությունը։ Բրիտանացի հայտնի գրողներից մեկը Ժաննա դ’Արկ անվանեց նրան, «Թայմ» ամերիկյան հանդեսը «Տարվա մարդ» ճանաչեց երիտասարդ շվեդուհուն և դիմանկարը տեղադրեց իր շապիկին։ Մի խոսքով, ինչպես կասեին հայաստանյան իշխանությունները՝ մեր ժամանակի հերոսը։
Դեռ այն ժամանակ «չար լեզուներն» ասում էին՝ ի՞նչ հերոս, պարզապես տհաս երիտասարդների կուռքն է, որը մթնոլորտն աղտոտող հսկա ինքնաթիռներով թռչում է քաղաքից քաղաք և բոլորին կոչ անում հնարավավորինս քիչ օգտվել մթնոլորտն աղտոտող օդանավերից։ Հիմա Գրետա Թունբերգը, լոնդոնյան «The Spectator» պարբերականի վկայությամբ, ավելի ու ավելի հաճախ է մասնակցում տարբեր մայրաքաղաքներում կազմակերպված ցույցերին՝ վանկարկելով «Կորչի′ սիոնիզմը» և «Պաղեստինն ազա′տ կլինի»։ Այսինքն, բնապահպանական ակտիվիստը հետզհետե համալրեց քաղաքական ակտիվիստների շարքերը, որոնք աշխարհով մեկ թափահարում են պաղեստինյան դրոշները և երգում «Գետից մինչև ծովը», ընդ որում, շատերը, անգլիական հանդեսի մեկնաբանի կարծիքով, «տեղյակ էլ չեն, թե որ գետի և որ ծովի մասին է խոսքը»։
Եվ, այնուամենայնիվ, փաստն այն է, որ ռազմական գործողություններն Իսրայելում ու նաև Ուկրաինայում, իրոք, ամենաանմիջական կապն ունեն գլոբալ ջերմացման հետ։ Նախ, Եվրոպան փորձեց թոթափել կախվածությունը ռուսաստանյան նավթից և գազից։ Իսկ այդ նպատակին հասնելու միակ արագ և արդյունավետ ճանապարհը այն վառելիքի օգտագործումն է, որն ավելի շատ է աղտոտում մթնոլորտը, քան նավթն ու գազը։ Խոսքը, մասնավորապես, ածխի մասին է, որի փակված հանքերն այժմ վերագործարկվում են։ Այդ գործընթացն ավելի հրատապ դարձավ, երբ իսրայելապաղեստինյան հակամարտության պատճառով փակվեց նաև նավթատար նավերի մուտքը Կարմիր ծով։
Ինչպես տեսնում եք, աշխարհում ամեն ինչ, իրոք, փոխկապակցված է։ Եվ եթե պատկերավոր ասենք՝ թե′ հակամարտությունները տարբեր տարածաշրջաններում, թե′ բնապահպանների քաղաքական հակումները, թե′ նույնիսկ Շվեյցարիայի ալպյան մարգագետիններում արածող կովերը բարձրացնում են օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում։ Ավելի լավ. ջեռուցման համար քիչ կվճարենք։