Իրանը դեմ է այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում. հանդիպել են Գրիգորյանն ու Ռայիսին

Իրանի նախագահը կարծում է, որ այլ երկրները ոչ միայն չեն օգնի, այլ նաև կխանգարեն խաղաղության հաստատման հասնելու գործին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Իրանը դեմ է խնդիրների լուծման պատրվակով այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում։ Ինչպես հայտնում է իրանական «Irna» գործակալությունը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Հանդիպել են Գրիգորյանն ու Ռայիսին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով։
«Մենք կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա մեզ համար»,– ասել է Իրանի նախագահը։
Ռայիսին ընդգծել է նաև Իրանի կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման գործում։
Նա իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ու հավելել, որ Իրանը պատրաստ է երաշխավորել կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը։
Զրուցակիցները խոսել են նաև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և դրանք ներկայիս քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու մասին։
Իրանը ձգտում է առևտրատնտեսական օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել Հայաստանի հետ