Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

Երևանը երախտագիտություն է հայտնել Իրանին Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր դիրքորոշման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարվել է հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի 18–րդ նիստի ժամանակ։ Այս մասին տեղեկությունը հայտնում է Irna–ն:
Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովը հիանալի հարթակ է երկու երկրների ղեկավարների հայտարարած նպատակին հասնելու համար, այն է՝ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ ապա` 3 մլրդ դոլարի:
Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանի համար ոչ միայն հարևան երկիր է, այլև կարևոր գործընկեր: Այս առումով ՀՀ փոխվարչապետը կարևորել է երկրների միջև հարաբերությունների խորացումը, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում բոլոր պայմանավորվածությունների իրականացումը:
«Օրակարգում երկու երկրների միջև տրանսպորտային–տարանցիկ ներուժի ավելացման հարցն է, և դրա համար անհրաժեշտ է ստեղծել նոր մեխանիզմ»,– նշել է Գրիգորյանը:
Փոխվարչապետը կարևորել է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացումը։ Ըստ նրա` դա կնպաստի տնտեսական և առևտրային նոր կապերի ակտիվացմանը:
Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանի համար կարևոր է «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը: Նա նշել է, որ ՀՀ աշխարհագրական դիրքը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի և Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, ինչպես նաև ԵԱՏՄ–ի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Այդ առումով նա ընդգծել է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ստորագրված համաձայնագրի կարևորությունը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Անդրադառնելով տնտեսական անվտանգությանն ու կայունությանը` ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Փոխվարչապետը հայտարարել է, որ Հայաստանը երախտագիտություն է հայտնում Իրանին` իր տարածքային ամբողջականության վերաբերյալ դիրքորոշման համար: