ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. 44–օրյա պատերազմի ընթացքում Շուշի քաղաքի թանգարաններից նմուշները տարհանելու առաջարկ եղել է, պարզապես «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը չի ընդունել այն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։
Ավելի վաղ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի (Շուշիի կերպարվեստի, երկրաբանության և պատմության թագարանները) տնօրեն Լուսինե Գասպարյանը հայտնել էր, որ Շուշիից նմուշների տարհանման հարց 2020թ–ին չի եղել: Նրա խոսքով` Արցախի ԿԳՄՍ նախարարությունում որոշել են նմուշները պահել ռմբապաստարանում։
«Երբ մենք տարհանում էինք գորգերի թանգարանի նմուշները և Շուշի էր գնալու ավտոմեքենա, ես զանգեցի Լուսինե Գասպարյանին, նա արդեն փաթեթավորել էր թանգարանային նմուշները, կտավները, բայց վախեցավ ու չհամաձայնեց»,– ասաց Ղարախանյանը։
Նախկին նախարարը նշեց, որ գրավոր հրաման չի եղել, բայց բացատրեց նաև, որ պատերազմական իրավիճակում դրա համար ժամանակ էլ չկար։
«ՊՈԱԿ–ի թանգարանի տնօրենն ինքը պետք է գիտակցեր, որ գույքի պատասխանատուն ինքն էր, այլ ոչ թե ես։ Իսկ արդյունքում այդ բոլոր նմուշները մնացին այնտեղ։ Հատկապես արժեքավոր էին Ժան Գառզուի և Ժանսեմի գործերը»,– նշեց Ղարախանյանը։
Նա հիշեցրեց, որ 2020 թ.–ին իր նախաձեռությամբ տարհանել են նաև Տիգրանակերտի թանգարանի և Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի նմուշները։
Ինչ վերաբերում է 2023թ.–ի իրադարձություններին, ապա, Լուսինե Ղարախանյանի տեղեկություններով, բոլոր թանգարաններից նմուշներ են տարհանվել, բայց թշնամու ձեռքում դեռ շատ բան կա։
«Արցախը Արևմտյան Հայաստանի օրը չպետք է ընկնի։ Արցախը սրբատեղի է բառի ամենատարբեր իմաստներով։ Հողն էլ թանկացել է 88-ից մինչև հիմա Արցախի համար մարտնչածների արյան գնով։ Շատ արյուն կա Արցախի հողում, և այդ հողի վրա հնարավոր չէ` որևէ մեկը օրհնված կյանք սկսի»,– ասաց նա։
Ղարախանյանը հիշեցրեց, որ Արցախում դեռ բազմաթիվ եկեղեցիների, հուշարձանների, կամուջների, խաչքարերի, վանքերի ու բերդերի ճակատագիրը անհայտ է մնում։