ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Սահմանազատման համար անհրաժեշտ է քարտեզների և գետնի վրա վերարտադրել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991թ․ դրությամբ դե յուրե առկա սահմանը և դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով լուծել հարցը։ Կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման սկզբունքները համաձայնեցված են, մնացել է տեխնիկական աշխատանքն իրականացնել։
ՀՀ վարչապետը նշեց, որ միջազգային հարթակներում գրավոր կերպով պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այն պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը։
Հայկական կողմն առաջարկում է՝ որպեսզի զորքերը հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրների զորքերը հետ քաշել այդ գծի նկատմամբ։
«Այսինքն՝ եթե սահմանի վերարտադրությունից հետո պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև էքսկլավների և անկլավների հարցը։ Օրինակ` Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել սահմանն ու հետագա բանակցությունների միջոցով լուծել դրա հարցը։
Նա մանրամասնեց, թե այս իրավիճակում ինչ է ուզում Ադրբեջանը։ Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է այսպես ասած չորս գյուղերի տարածքների մասին՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Խոսքը վերաբերում է 4 և 31 ոչ անկլավային գյուղերին։
Պաշտոնական Բաքուն ամեն կերպ առաջ է տանում այն միտքը, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղերի զբաղեցրած տարածքներից հետ չգնան։ Վարչապետը շեշտեց՝ սա կառուցողական դիրքորոշում չէ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է գնալ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն պայմանավորված են։