Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արագացնել սահմանազատման գործընթացը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն առաջարկում է Ադրբեջանին արագացնել սահմանազատման գործընթացը Պրահայի պայմանավորվածության հիման վրա։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը սահմանամերձ գյուղերի վերաբերյալ։
Նա ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է այսպես ասած չորս գյուղերի տարածքների մասին՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Խոսքը վերաբերում է 4 և 31 ոչ անկլավային գյուղերին։
Այս ելույթից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր ասելով, թե ՀՀ վարչապետը, խոսելով 31 գյուղերի տարածքների մասին քաղաքական շահարկում է արել։ Նրանք հիշեցրել են, որ Հայաստանը պարտավոր է վերադարձնել ադրբեջանական ութ գյուղեր։