Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը անձնագրային ու կադաստրի բաժիններն են. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը կարծում է, որ վարդենիսցիները չեն գնահատում կառավարության կողմից իրականացվող միլիարդավոր ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ավելի լավ է` վարդենիսցիները գումար վերցնեն, գնան տուն սարքեն, քան մտահոգվեն Վարդենիսի անձնագրային բաժնի փակման հարցով։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից մի քանի գյուղերի բնակիչները փակել էին քաղաք տանող գլխավոր ճանապարհը` բողոքելով Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ։ Նրանք կասկածներ ունեն, որ դրանով բնակավայրը փորձում են դատարկել:
«Ի՞նչ կապ ունի անձնագրային բաժնի 4 աշխատող Վարդենիսում կա նստած, թե չէ։ Ասում են` անձնագրային կամ կադաստրի բաժինը լուծարվում է, բնակավայրերը տալու են։ Որ այդտեղ առողջապահական կենտրոն ենք կառուցում, դա հեչ, որ դպրոց ենք կառուցում, դա էլ հեչ, որ մանկապարտեզ ենք կառուցում, դա հեչ, որ ջրագիծ ենք կառուցում, դա էլ հեչ։ Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը անձնագրային ու կադաստրի բաժիններն են։ Բա որ տենց լավն ա, եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային ու կադաստրի բաժին սարքենք ու ասենք` էս ինչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք մի 6 հատ կադաստրի բաժին, 12 հատ անձնագրային բաժին, էլ ինչ կա՞… Եկեք ամեն անկյունում էլ ժեկեր բացենք, ու ասնեք` ըհն, կառավարությունն իր անելիքն ավարտեց»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա տարակուսանք հայտնեց, որ ՀՀ կառավարությունը միլիարդներ է ծախսում, ճանապարհներ է կառուցում, ջրագծեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, սակայն հիմնական խնդիրը դարձնում են կադաստրի բաժնի փակումը։
Փաշինյանն ընդգծեց` Վարդենիսի անձնագրային բաժինը փակվեց, քանի որ ՀՀ կառավարությունը ցանկանում է, որ անձնագրային բաժնի գործառույթներն իրականացվեն համակարգչով, այլ ոչ թե օրերով գնան հերթ կանգնեն կամ տասնյակ կիլոմետր ճանապարհ կտրեն, հասնեն այդ բաժին։