ԵԱՏՄ-ում բժշկական դիպլոմների փոխադարձ ճանաչման շուրջ առայժմ կոնսենսուս չկա. Օմուրբեկովա

Այս թեման բազմիցս քննարկվել է ԵԱՏՄ հարթակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներում բուժաշխատողների պակաս է նկատվում։ Այս մասին ասել է Ղրղզստանի Միջազգային համալսարանի բժշկության դպրոցի ռեկտոր Ասիլբեկ Այդարալիևը «ԵԱՏՄ երկրների համագործակցությունը առողջապահության ոլորտում» թեմայով Մոսկվա-Բիշքեկ- Մինսկ-Աստանա-Երևան տեսակամրջի ժամանակ, որը հեռարձակվել է Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միջոցով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան իր հերթին նկատել է, որ շուրջ 16 բժշկական մասնագիտություն պահանջված է համարվում ԵԱՏՄ երկրներում: Մասնավորապես ընդհանուր պրակտիկայի բժիշկների, ընտանեկան բժիշկների, սրտաբանների, շտապօգնության բժիշկների, պարաբժիշկների, լաբորանտների պակաս կա։
Օմուրբեկովան նաև նշել է, որ շարունակական բժշկական և դեղագործական կրթության ոլորտում համագործակցությունը և ոչ միայն կրթության մասին փաստաթղթերի, այլև որակավորման փոխադարձ ճանաչման ընթացակարգի պարզեցումը կօգնեն հաղթահարել բժիշկների պակասը: Նա նշել է, որ թեման բազմիցս քննարկվել է ԵԱՏՄ հարթակներում, սակայն այս հարցի շուրջ կոնսենսուս դեռ չկա։
«ԵԱՏՄ երկրները կարծում են, որ դեռ վաղ է խոսել այդ մասին։ Նախ անհրաժեշտ է վերլուծել կրթական ծրագրերի համադրելիությունը։ Այսօր կոնսենսուս չկա, բայց դա շատ կարևոր է աշխատաշուկայի համար, ուստի շարունակում ենք աշխատել մոտեցումների մերձեցման ուղղությամբ»,-ընդգծել է Օմուրբեկովան։
Դատելով ԵՏՀ կայքում հրապարակված ամենապահանջված մասնագիտությունների ցանկից` Հայաստանում թվարկված բոլոր 32 մասնագիտությունների բուժաշխատողների կարիք կա։ Ընդ որում, դեղագետների պակաս է զգում միայն մեր երկիրը. ԵԱՏՄ երկրներից ոչ մեկում այդ խնդիրը չկա։
ԵԱՏՄ-ում աշխատանքի դիմողների թիվը 2023-ին կազմել է 0,8 %, Հայաստանում ՝ 3,3%