Բաքուն միշտ տապալել է անհետ կորած անձանց թաղման վայրերի որոնումների գործընթացը. Կապրիելյան

Նախկին պաշտոնյան չի բացառում, որ Արցախյան պատերազմի դաշտային հրամանատարների համար ադրբեջանական կողմի առաջարկը կարող է ծուղակ լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարիներ շարունակ հայկական կողմից նախաձեռնություններ եղել են, սակայն սայլը տեղից չի շարժվել ադրբեջանական կողմի պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններից մեկը։
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում 90-ականների արցախյան պատերազմի դաշտային հայ հրամանատարներին և լիազորված այլ անձանց ներգրավել այդ թվականներին կորած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնման գործին։
Կապրիելյանը չի հասկանում ադրբեջանական միակողմանի պնդումը. ինչո՞ւ որոնումները պետք է վերաբերեն միայն ադրբեջանցիների թաղման վայրերին։
«Պատերազմի հետևանքով երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել, ի դեպ, ժամանակին՝ 2000-ականներին, հայկական կողմից որքան նման առաջարկներ են եղել, միշտ խափանվել է գործընթացը»,- ասաց Կապիրելյանը։
Նրա խոսքով՝ գործընթացն ամեն անգամ տապալվել է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության դիրքորոշման պատճառով։ Համագործակցության փորձեր եղել են հիմնականում միջնորդների միջոցով, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի։
Նախկին պաշտոնյան նշում է, որ անձամբ հանդիպել է ադրբեջանական կողմի ղեկավարներից մեկի հետ դեռ 2006-ին Բրյուսելում, երկկողմանի պայմանավորվածություն էր ձեռք բերվել այս հարցում համագործակցության, առկա տեղեկատվության փոխանակման և ակտիվ գործունեության վերաբերյալ։
2020-2022թթ. սրացումների հետևանքով ՀՀ–ից 303 անձ համարվում է անհետ կորած. ԿԽՄԿ
«Ամպագոռգոռ խոստումներից հետո երբ որ վերադարձանք մեր երկրներ, կապը կտրվեց, այլևս կապի դուրս չեկան։ Դրանից հետո կրկին փորձեր արվել են երրորդ երկրի տարածքում հանդիպումների, բայց դրանք էլ մնացին դատարկ խոստումների մակարդակում»,- ասաց Կապրիելյանը։
Նա նշեց, որ գոնե իր պաշտոնավարման օրոք նման հանդիպումների բոլոր առաջարկները վերջին պահին ինչ-որ պատրվակով կամ նույնիսկ առանց հստակ պատճառը նշելու մերժվել են ադրբեջանական կողմից։
Ըստ էության, նախադեպ չի եղել, որ Հայաստանի կամ Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելեն կոնկրետ վայրեր և մատնանշեն թաղման վայրերը։ Հարցը դրան չի էլ հասել։
«Սկզբնական փուլերը մենք անցել ենք (առկա և շարունակական ստացվող ինֆորմացիայի փոխանակում), եթե եղել է թաղման վայրի հետ կապված ինֆորմացիա, մենք փոխանցել ենք հակառակորդ կողմին, նրանք են ինչ-որ ինֆորմացիա փոխանցել»,- հայտնեց Կապրիելյանը։
Այս ամենն իրականացվել է Կարմիր խաչի միջնորդությամբ, հայկական կողմը նաև այլ լծակներ է գործի դրել։
«Հայրենադարձության այդ գործընթացում երբևիցե գերիների փոխանակում, հանձնում, ընդունում չի եղել։ Քանի որ միշտ էլ երկու կողմից համապատասխան պաշտոնատար անձինք են մասնակցել, միշտ փորձ է արվել իրենց ղեկավարության հետ զրուցելու, գործընթացը խթանելու համար, սակայն խոստումներից այն կողմ գործը երբեք առաջ չի գնացել»,- նշեց նա։
ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին
Կապրիելյանը հավելեց, որ հայկական կողմը նույնիսկ կոնկրետ տեղեկությունների է տիրապետել հայ մարտիկների թաղման վայրերի վերաբերյալ։ Կան դեպքեր, որ շուրջ 10 տարի ադրբեջանական կողմը չի արձագանքել, ոչ մի քայլ չի ձեռնարկել։
«Մինչև 2018-ը ունեինք ինֆորմացիա շուրջ 100 անհետ կորած զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ, որոնց ճակատագիրն ընդհանրապես պարզված չի եղել, բայց որոնց վերաբերյալ տարբեր ժամանակներում ստացվել են ինֆորմացիաներ։ Այդ տարիների ընթացքում միայն 3 հոգու ճակատագիրն է հնարավոր եղել պարզել»,- ասաց նա։
Մեկնաբանելով այն հարցը, թե այս իրավիճակում ինչպես պետք է արձագանքի հայկական կողմը, Կապրիելյանը նշեց՝ սխալ է քաղաքական ենթատեքստ տալը, սա մարդասիրական քայլ է։ Նախկին պաշտոնյան ողջունում է այս հարցում երկկողմանի համագործակցությունը, միաժամանակ շեշտում՝ կարևոր է պարզել՝ սա հերթական ամպագոռգոռ խոստումների շարքի՞ց է, թե՞ իրական քայլեր են արվելու։
«Երկու կողմերն էլ պետք է ջանքեր չխնայեն անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար։ Առանց երկկողմանի համագործակցության, այս հարցը երբեք մեռյալ կետից առաջ չի շարժվի»,- շեշտեց նա։
Տպավորություն է` միայն Բաքուն է ինչ-որ բան պահանջում. Կապրիելյանը` անհետ կորածների մասին
Ինչ վերաբերում է այն հարցին` արդյոք ռիսկեր չկա՞ն, որ դաշտային հրամանատարները մասնակցեն որոնումներին, այսինքն՝ մեկնեն Արցախ, Կապրիելյանը ոչ միայն չի բացառում, այլև գրեթե վստահ է, որ կարող է տհաճ իրավիճակ ստեղծվել։
Վառ օրինակը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտում մինչ օրս պահելու փաստն է։