ԱԺ–ում առաջարկում են ամուսնության տարիքային շեմը դարձնել 18` առանց բացառությունների

Ռուստամ Բաքոյանի կարծիքով` օրենքի ընդունումից բացի պետք է իրազեկման ակցիաներ լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են բարձրացնել ամուսնության տարիքային շեմն ու դարձնել այն 18 տարեկան։ Այսօր այս հարցը քննարկվել է խորհրդարանական լսումների ժամանակ։
Օրենքի նախագծի համահեղինակ, պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասում է, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել եզդիական համայնքից վաղ ամուսնությունների խնդրի վերաբերյալ։ Իսկ խնդիրը ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ այն ոչ միայն եզդիական համայնքում է առկա, այլ համընդհանուր բնութ է կրում։ Հենց դրա համար էլ որոշել հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։

«Այսպես, իհարկե, խնդիրը լուծում չի ստանա ամբողջությամբ, հետևաբար մի շարք գործողություններ պետք է իրականացվեն անգամ օրենքը ընդունելուց հետո։ Օրինակ` իրազեկման միջոցառումներ, որ մարդիկ ընկալեն, որ դա բացասական հետևանքներ է ունենալու, հետևաբար` պետք էփոխեն մոտեցումը հարցին»,– ասաց պարոն Բաքոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Կրթության փոխնախարար Արաքսյա Սվաջյանը տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի դպրոցներում սովորում է 1319 եզդի աղջիկ: Նրա տվյալներով՝ 2023 թվականին նրանցից 171-ը դադարել է հաճախել դպրոց։
«Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու շարժն ակնհայտ է ավագ դպրոցի տարիներին: Մասնավորապես, 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ դիտվում է սովորողների թվի 52,7 %-ի չափով նվազում, 11-րդ դասարանում՝ 69,5 %, իսկ 12-րդ դասարանում՝ 88,2 %: Հասկանում ենք, թե սա որքան վատ ցուցանիշ է»,- նշել է Արաքսյա Սվաջյանը։
ԱԺ պատգամավոր. «Եզդի աղջիկները չպետք է ուսումն ընդհատեն ամուսնության պատճառով»
Նշենք, որ Հայաստանում ամուսնական տարիքը, գործող օրենսդրության համաձայն, տղաների համար 18 տարեկանն է, աղջիկների համար` 17–ը։ Սակայն անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե նրա զուգնկերոջ 18 տարին արդեն լրացել է և կա նրա ծնողների, որդեգրողների կամ խնամակալի համաձայնությունը: