Բաքուն ասում է` իմ ուզածը տվեք բանակցային եղանակով, այլապես կվերցնեմ պատերազմով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Վարչապետի կարծիքով՝ ադրբեջանական իշխանությունները հետաքրքրված չեն սահմանային կայունությամբ և անվտանգությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Սյունիքում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ներքին Հանդի դեպքերին։
«Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց` դեռ 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։
ՀՀ–ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում անելու տարբերակին. Փաշինյան
Փաշինյանի խոսքով` ՀՀ-ն, հավատարիմ լինելով պայմանավորվածությանը, ստեղծեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև այդ հարցերով են աշխատելու։ Իսկ Ադրբեջանն իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության բաղադրիչը։
«Այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- ասաց կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի4 զոհ և 1 վիրավոր։
Արևմտյան երկրները Փաշինյանին կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս չգալ