ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Հայաստանը 2024 թվականին պետք է ապահովի 7 տոկոս տնտեսական աճ։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ինչի՞ հաշվին՝ մեր աշխատանքի հաշվին: Կապիտալ շինարարության հետ կապված մեր ծրագրերը պետք է փորձենք մաքսիմալ որակով իրականացնել և ապահովել մեծ կատարողական, մեր միջին տարեկան վիճակագրականից ավելի բարձր ցուցանիշներ ապահովել»,– ասել է նա։
Փաշինյանն այս համատեքստում կարևորել է ռենովացիայի ծրագիրը, որն ըստ նրա, պետք է անպայման շարունակել։
«Պետք է խթանել սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության 16 մլն դրամի ծրագիրը, որովհետև այդ ծրագիրը մեզ համար հնարավորություն է տնտեսական ակտիվությունը դեպի մարզեր ավելի շատ տեղափոխելու, որովհետև դրա էֆեկտը շատ էական է»,– հավելել է վարչապետը։
Նա խոսել է նաև առողջապահության ապահովագրության ներդրման մասին ու համոզմունք հայտնել, որ այդ որոշումը կայացնելուց հետո առողջապահության ոլորտում հսկայական ներդրումներ կլինեն։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: