ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն մի շարք մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների աղմկահարույց գործի վերաբերյալ, որով ձերբակալվել էր նաև նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։ Մասնավորաբար, ինտենսիվ այգեգործության պետական աջակցության ծրագրի մասով ՔԿ-ն ներկայացրել է պետությունից որպես փոխհատուցում տրվող միջոցների հափշտակությանը վերաբերող երկու դրվագ։
Առաջին դեպքում Վայոց Ձորի մարզի բնակիչը, լինելով 1,15 հեկտար հողատարածքի վարձակալ, մասնակցել է ինտենսիվ այգիների ծրագրին։
«Հողամասում նա հիմնել է ընկուզենու ինտենսիվ այգի և ՀՀ պետական բյուջեից այգետնկման ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, 2023թ․ մայիսին խաբեությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող, իբրև թե ԱՁ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր, որի համաձայն՝ պայմանագրի կողմը պարտավորվել է հիշյալ 1.15 հա հողամասում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը սահմանվել է 10.422.450 ՀՀ դրամ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Շահառուն նախարարություն է ներկայացրել նաև հանձնման-ընդունման ակտ, որի համաձայն` իբրև թե կատարվել են համապատասխան գյուղատնտեսական աշխատանքներ՝ նշված գումարի չափով։ Մինչդեռ պարզվել է, որ Ա/Ձ-ն նման ծառայություններ չի մատուցվել։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ նախարարության աշխատակիցները հողամասում իրականացված մոնիթորինգի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել են, որ ներկայացված ծախսերը գերազանցել են ՀՀ-ում գործող շուկայական գները կամ չեն համապատասխանել իրականությանը, իսկ որոշ դեպքերում ուռճացված են եղել:
Նշված անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության փորձ 3 և փաստաթղթեր կեղծում հոդվածներով։
Երկրորդ դեպքը վերաբերում է Արարատի մարզի բնակիչ Ս.Ղ.-ին, որը Վ.Դ.-ից տեղեկացել է ինտենսիվ այգեգործությանն աջակցության պետական ծրագրի մասին, մասնավորապես, 10 հեկտար հողատարածքներում այգիներ հիմնելու պարագայում կատարված ծախսերի 50 տոկոսի չափով պետությունից փոխհատուցում ստանալու հնարավորության մասին։ Նա համաձայնել է Վ.Դ.-ի հետ խմբի կազմում խարդախությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Արդյունքում կազմվել են կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառվել են ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայությունների, այնպես էլ իրականում կատարված, սակայն էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր: Դրա հիման վրա Ս.Ղ.-ին՝ որպես շահառու, փոխանցվել է 58.500.000 ՀՀ դրամ գումար, որը խմբի մյուս անդամների նախնական համաձայնությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ս․ Ղ․-ին, Վ․Դ․-ին, ինչպես նաև 4 այլ անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Ս․Ղ․-ին ներկայացվել է մեղադրանք խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Վարույթից անջատված մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Քրեական հետապնդման ենթարկվող մյուս 5 անձանց մասով (4-ը՝ ֆիզիկական անձ, 1-ը՝ պաշտոնատար անձ) նախաքննությունը շարունակվում է։ Վերջիններիցս 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայով ներգրավված հնարավոր այլ անձանց բացահայտելու ուղղությամբ։
Հայտնել էինք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։