Կշարունակենք Երևանին ու Բաքվին մերձեցնելու փորձերը․ Օ'Բրայեն

Պետքարտուղարության ներկայացուցիչը կարծում է, որ այս իրավիճակում ավելի է մեծանում դիվանագիտության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Վաշինգտոնը կշարունակի Երևանին ու Բաքվին մերձեցնելու փորձերը։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը։

«Կարծում եմ` ներկայիս լարվածությունը պարզապես մատնանշում է դիվանագիտության կարևորությունը, բայց ես չեմ ուզում շահարկել վերջին շրջանի որևէ կոնկրետ գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին մերձեցնելու փորձերի ճանապարհը»,- ասել է նա։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների մասին հաղորդագրություններով։ Նա շեշտել էր, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։