Հյուսիսային Օսեթիան հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Վլադիկավկազի բնակիչներից մեկը մահացել է, ու նրա մահը կապվում է «Ջերմուկ» հանքային ջրի հետ։ Քրեական գործ է հարուցվել, ՌԴ-ում կասեցվել է առանձին խմբաքանակի վաճառքը: «Կոմերսանտ» պարբերականը սեփական հետաքննությունն է անցկացրել և զրուցել ռուսական բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Ի՞նչ է պատահել
Վլադիկավկազի 65-ամյա բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ խմել է «Ջերմուկի» շշի պարունակությունը՝ կարծելով, թե հանքային ջուր է: Իրականում շշի մեջ քացախ է եղել, ինչը հանգեցրել է վերին շնչուղիների լուրջ այրվածքների և հետագա հոսպիտալացման: Վնասվածքը, ցավոք, կյանքի հետ անհամատեղելի է եղել։
Արտակարգ դեպքին անմիջապես արձագանքել է Ռոսպոտրեբնադզորը, որը դադարեցրել է «Ջերմուկի» արտադրանքի վաճառքը երկրում և իրավապահ մարմինների հետ հետաքննություն է սկսել:
Արտադրողի և հայկական տեսչության արձագանքը
Հանքային ջուր արտադրող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ն հայտարարել է, որ բացառում է շշի մեջ քացախաթթվի առկայությունը` վստահեցնելով, որ իրենց արտադրության մեջ օգտագործվում են բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր հերթին նշել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը Ռուսաստան է արտահանվում 2001 թվականից՝ աստիճանաբար ավելացնելով ծավալները 350.000 լիտրից հասցնելով մինչև 15.273.000 լիտր տարեկան, իսկ յուրաքանչյուր ներմուծված խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին:
Բացի Ռուսաստանից, այն արտահանվում է նաև ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ և բազմաթիվ այլ երկրներ:23 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանված հանքային ջրից թունավորման թեկուզ և մեկ դեպք չի արձանագրվել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում, իսկ օգտագործվող նյութերը համապատասխանում են միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար: Նշված նյութերի ենթադրյալ մնացորդային պարունակությունը, ըստ դրանց տեխնիկական բնութագրերի, չի կարող առաջացնել կերակրափողի այրվածք:
Հանքային ջրի արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլ է, և շշի մեջ քացախի առկայությունն ուղղակի հակասում է ավտոմատացված արտադրական գործընթացի սկզբունքին և կազմակերպմանը: Պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշ է, ուստի վերը նշված չափանիշների անհամապատասխանությունն առնվազն այդքան շշում պետք է դրսևորվեր:
Ի՞նչ են մտածում ռուսական բիզնեսի ներկայացուցիչները
«Famous Amazing Brands»-ի հիմնադիր Անտոն Ստելմակովը պաշտպանում է արտադրողին՝ ենթադրելով, որ այս դեպքում երրորդ անձանց կանխամտածված միջամտություն կա։
«Շշալցման ցանկացած արտադրող կուպաժի արտադրամաս ունի, որը բաղկացած է տարաներից, հանքային ջուրը հենց դրանց մեջ է լցվում։ Քացախը լցված կլիներ այդ ամբողջ տարայի մեջ, որի ծավալը կարող է 10 տոննա, 20 տոննա լինել: Բայց այդ դեպքում այդպիսի կոնցենտրացիա չէր կարող լինել: Իսկ երբ մաքուր քացախը հայտնվել է ինչ-որ կոնկրետ շշի մեջ, նշանակում է` ինչ-որ մեկը վերցրել ու դիտավորյալ լցրել է այդ շշի մեջ», - ասում է Ստելմակովը։
Պետք է նշել, որ Ռուսաստանում հանքային ջրից թունավորվելու դեպքերը նորություն չեն. նմանատիպ միջադեպեր արդեն գրանցվել են 2011 և 2018 թվականներին: Երկու դեպքում էլ հետաքննության առարկա է եղել «BonAqua» ապրանքանիշի շշերում հայտնաբերված ալկալին։ Կասկածի տակ են հայտնվել չարակամները։ Ընդ որում` նման եզրահանգման են եկել և՛ Ռոսպոտրեբնադզորը, և՛ դեպքը հետաքննող իրավապահները։
Հյութ, ջուր և խմիչք արտադրողների միության նախագահ Մաքսիմ Նովիկովը պարբերականի հետ զրույցում ասել է, որ իր կարծիքով` «Ջերմուկի» դեպքում ևս չի բացառվում, որ միտումնավոր փորձել են փչացած արտադրանք դնել շրջանառության մեջ` ապրանքանիշի հեղինակությանը վնաս հասցնելու համար:
«Հարց է ծագում ապրանքի վրա մակնշման կոդերի իսկության վերաբերյալ. արդյոք դրանք կեղծված չե՞ն։ Դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները», - ասել է Նովիկովը։
Բացի այդ, նրա խոսքով, անհրաժեշտ է ստուգել առևտրի կետերում սննդի անվտանգության նորմերի պահպանումը և պարզել, թե արդյոք արտադրանքն անցել է անվտանգության սահմանված պահանջներին չհամապատասխանող պահեստներով:
Պարբերականի տվյալներով՝ թունավորված հանքային ջրով արկղը վաճառած կինը տեղյակ չի եղել շշերի իրական պարունակության մասին։ Ավելի քան մեկ տարի է, ինչ նա ապրանքը ձեռք է բերել Հայաստանից՝ նույն մատակարարից, և չի կարողացել բացատրել, թե ինչպես է խմբաքանակում քացախ հայտնվել:
Միջադեպի հիմնական վարկածները
Քննարկվող վարկածները` մրցակիցների գործողություններ, ընդհատակյա արտադրողների սխալներ, կեղծված արտադրանքի աճ: 2021 թվականին «Ռոսկաչեստվոն» կեղծված ապրանք է հայտնաբերել ջրի նմուշների մեկ քառորդում, ինչը ցույց է տալիս, որ շուկայում այդ առումով լուրջ խնդիր կա։
«Ռուսբրենդ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Պոպովիչևը մատնանշում է շուկայում կեղծ ապրանքների մասնաբաժնի ավելացումը, ինչը մասամբ կապված է զուգահեռ ներմուծման օրինականացման հետ:
Եզրակացություն
«Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված դեպքն ընդգծում է սննդամթերքի որակի և անվտանգության խիստ հսկողության կարևորությունը: Հետաքննությունը շարունակվում է, և հասարակությունը սպասում է հետևյալ հարցերի պատասխաններին` ինչպե՞ս կարող էր քացախը հայտնվել հանքային ջրի շշի մեջ, և ի՞նչ միջոցներ կձեռնարկվեն հետագայում նման միջադեպերը կանխելու համար: