ՀԱՊԿ զորավարժությունները 2024–ին կանցկացվեն Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում․ շտաբ

ՀԱՊԿ զորավարժություններ
Նախատեսվում է, որ զորավարժությունների ակտիվ փուլերին որպես դիտորդ կմասնակցեն ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2024 թվականին համատեղ պատրաստության մի շարք միջոցառումներ կանցկացնի Ղրղզստանում, Տաջիկստանում և Ղազախստանում։ «Անքակտելի եղբայրություն–2024» զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանի տարածքում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը կշարունակի ներգրավել պաշտպանական գերատեսչությունների, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների զարգացման արդիական խնդիրների ուսումնասիրման նպատակով:
ՀԱՊԿ-ում բարձր են համարում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակամարտության վտանգը
Սերդյուկովը հայտնել է, թե որոնք կլինեն հիմնական միջոցառումները, որոնք սեպտեմբեր-հոկտեմբերին կանցկացվեն Ղրղզստանի տարածքում` «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային վարժանք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ, «Որոնում-2024» հատուկ վարժանք (հետախուզության ուժերով և միջոցներով), «Էշելոն-2024» հատուկ վարժանք (ՀԱՊԿ զորքերի նյութատեխնիկական ապահովման ուժերով և միջոցներով)։
Իսկ Տաջիկստանում կանցկացվեն «Սահման-2024» վարժանքները՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Արագ տեղակայման հավաքական ուժերի ստորաբաժանումների հետ։
Նախատեսվում է, որ զորավարժության ակտիվ փուլերին որպես դիտորդ կմասնակցեն ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների, միջազգային կազմակերպությունների, զորավարժություններն ընդունող երկրներում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Արևմտյան երկրները Փաշինյանին կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս չգալ