ՀԱՊԿ-ում բարձր են համարում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակամարտության վտանգը

ՀԱՊԿ շտաբի պետի կարծիքով` իրավիճակը կայունացնելու համար պետք է խաղաղության պայմանագիր ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին բարձր կոնֆլիկտային ներուժ է պահպանվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ առանձին պետություններ այդ իրադրությունն օգտագործում են Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ունենալու նպատակով։
«Արձանագրվում են առանձին պետությունների՝ Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձերը։ Այդ նպատակով ակտիվորեն օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային ներուժը»,-նշել է նա։
Այս համատեքստում իրավիճակի հետագա կարգավորման գործում կարևոր նշանակություն կունենա խաղաղության համաձայնագրի կնքումը։
Սերդյուկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգության համար սպառնալիքների գլխավոր աղբյուրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների ապակառուցողական գործունեությունը:
«Նույնիսկ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը՝ շարունակվում են հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա դրսից ազդելու փորձերը»,-նշել է նա:
ՌԴ–ն կոչ է անում ՀՀ–ին հանրային հարձակումների փոխարեն սկսել քննարկել իրավիճակը ՀԱՊԿ–ում
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է բարդ մնալ և կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդում է պահանջում: ՀԱՊԿ շտաբի պետը պարզաբանել է, որ Արևմուտքի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումը բազմաթիվ հակամարտություններ է հրահրում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հանգեցնում է առանձին պետությունների միջև ներքաղաքական և ազգամիջյան հակասությունների աճի, ինչպես նաև նպաստում է դրանց շուրջ անկայունության գոտու ձևավորմանը: