ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի դպրոցականներն առաջին անգամ մի շարք փորձեր են կատարել նոր շարժական մինի լաբորատորիայում, որը նվեր են ստացել հայ-ռուսական բարեկամության զարգացման կենտրոնից՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ռուսական տունը։
«Իսկ դուք գիտեի՞ք, որ եթե կաթից առանձնացնենք սպիտակուցը, ստացվում է մանուշակագույն գույն։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականներ Շողիկ Հակոբյանի և Գիսանե Խաչատրյանի փորձերը հետաքրքրել են անգամ ամենափոքրերին։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ գյուղում շատ խելացի երեխաներ կան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ֆիոլետովո գյուղի դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել շարժական քիմիական և կենսաբանական լաբորատորիաներ տրամադրելու համար։
«Դրանք մեզ կօգնի իրականացնել գիտական նախագծեր և էլ ավելի հետաքրքիր դարձնել ուսումնական գործընթացը»,- ասել է Ղազարյանը։
Բացի այդ, դպրոցում ամփոփվել է 2023 թվականի «Ազգագրական թելադրություն» մրցույթը. հաղթող է ճանաչվել չորրորդ դասարանի աշակերտ Վասյա Նովիկովը՝ հավաքելով 100-ից 90 միավոր:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոն» պարգևատրել է թելադրության լավագույն մասնակիցներին և գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանին գեղարվեստական գրականություն նվիրաբերել։
Նշենք, որ Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի նշում է հիմնադրման 55–ամյակը։