Բաքուն ուզում է հայ հրամանատարներին ներգրավել ադրբեջանցիների գերեզմանների որոնման գործում

Բաքու
Հանձնաժողովում կարծում են, որ մինչև 1994 թվականը ռազմական գործողությունները ղեկավարած անձինք կարող են բավարար տեղեկություններ ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը անհրաժեշտ է համարում հայ դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց ներգրավել 90-ականներին կորած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնման գործում, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Հանձնաժողովում կարծում են, որ մինչև 1994 թվականը ռազմական գործողությունները ղեկավարած անձինք կարող են բավարար տեղեկություններ ունենալ զանգվածային թաղումների վայրերի վերաբերյալ:
«Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է երկու կողմերի անհետ կորած անձանց որոնումների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ համագործակցելու պատրաստակամության մասին` ճշգրտության, թափանցիկության և փոխվստահության մթնոլորտում»,- նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովն առաջարկել էր ադրբեջանական կողմին ակտիվացնել համագործակցությունը։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում էր, որ Երևանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ՝ անհայտ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու հարցում։