ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Այսօր Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՀՀ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները»,– նշել է ՄԻՊ–ն իր հայտարարությունում։
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր։