Մոսկվան ու Թեհրանը շարունակում են բանակցել համատեղ էներգակամրջի ստեղծման շուրջ

Էներգակամրջի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2016 թվականի սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Մոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարում Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծման շուրջ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը: Դրա միջոցով էլեկտրաէներգիան երկու կողմերին կմատակարարվի գերծանրաբեռնվածության շրջանում։
«Եվս մեկ նախագիծ, որի շուրջ բանակցություններ են ընթանում, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծումն է, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում և փոխադրում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև գերծանրաբեռնվածության շրջանում»,- ասել է Դեդովը:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն Իրանի հետ կապող «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի (Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգակամրջի) նախագծի աշխատանքները մինչև 1,2 ԳՎտ ընդհանուր թողունակությամբ սկսվել են 2015 թվականի դեկտեմբերին:
2016 թվականի ապրիլին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի էներգետիկայի նախարարները և Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը Երևանում ստորագրեցին «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման ճանապարհային քարտեզը: Այն նախատեսում էր տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակում։ Այդ մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերին Բաթումում։ Նախագծի մեկնարկի աշխատանքները դեռ չեն ավարտվել։