Հայաստանի իշխանությունը որևէ բան չի անում Ադրբեջանին զսպելու համար․ Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Պատգամավորի կարծիքով՝ հայկական կողմը բավարար քայլեր չի անում Ադրբեջանին զսպելու կամ համարժեք դիրքավորում ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանը բոլոր հնարավորություններն օգտագործելու է դիվանագիտական, քաղաքական, ռազմական և քարոզչական տիրույթում իր առավելությունն ի ցույց դնելու և ամրապնդելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանի իշխանությունն այս տեսանկյունից որևէ բան չի անում Ադրբեջանին զսպելու, կանխելու և դաշտում հավասար դիրքավորում ապահովելու համար»,- ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութին, թե իբր հայկական կողմն է առաջինը կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ռազմական փորձագետը նշեց՝ դրանում ո՛չ դիպուկահարներ են ֆիքսված, ո՛չ կրակն է երևում։ Հետևաբար բացարձակ անհիմն է հայտարարել, թե ադրբեջանական կողմից ֆիքսվել է կրակ և դրան պատասխան գործողություն է իրականացվել։
Ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանն օգտագործում է եղած ու չեղած առիթները հայկական կողմին վնաս պատճառելու համար՝ կլինի դա մարդկային, թե նյութական, իսկ հայկական իշխանությունը սրա դեմ ոչինչ չի առաջադրում։
Ինչ վերաբերում է հայկական պատասխանատու գերատեսչությունների կողմից երեկ տարածված հաղորդագրություններին, որ տեսանյութերն ու տեղեկությունները հետաքննվում են, Աբրահամյանը նշեց՝ եթե դրանց նպատակն Ադրբեջանի ագրեսիվ քայլերը կանխելը կամ զսպելն էր, հենց սկզբից ակնհայտ էր, որ դա չի աշխատելու։ Ավելին` նման հաղորդագրությունները վատ հոգեբանական ազդեցություն են թողնում զինված ուժերի վրա։
«Ադրբեջանն ունի մեկ սկզբունք՝ ագրեսիա արտահայտելու և գնալու դրա իրացման ճանապարհով։ Ադրբեջանն ասում է՝ ես այսպես եմ անելու, լավ եմ անում և անում է»,- ընդգծեց Աբրահամյանը։
Անդրադառնալով միջազգային արձագանքին՝ փորձագետի խոսքով՝ այն պետք է գնահատել հետագա էսկալացիան կամ հաջորդիվ ագրեսիվ գործողությունները կանխելու տեսանկյունից։ Իսկ տարածաշրջանային կայունության և խաղաղության տեսանկյունից Աբրահամյանը որևէ դրական դինամիկա չի արձանագրում։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։