Երևանում տրանսպորտի գինը տարբեր խմբերի համար կարող է խիստ տարբեր լինել. ինչ առաջարկներ կան

Գրիգորյանն ընդգծեց, որ անկախ տրանսպորտի գնի թանկացումից, ոլորտը շարունակաբար սուբսիդավորման կարիք է ունենալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքում մշտապես հասարակական տրանսպորտից օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը կվերանայվի մինիմալ չափով, հնարավոր է` անգամ չվերանայվի։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` տրանսպորտի գնի քննարկման շրջանակում։
Հայտնել ենք, որ տրանսպորտի սակագնի հարցը քվեարկությունից առաջ հանվել է օրակարգից, քանի որ առաջարկվող փաթեթը թերի է։
«Այն անձինք, որոնք հազվադեպ են օգտվում տրանսպորտից, որոնց համար սակագնի փոփոխությունը դրամատիկ թանկացման չի բերում, օրինակ` զբոսաշրջիկների դեպքում, տրամաբանություն չկա, որ այդ ուղևորափոխադրումները սուբսիդավորվեն համայնքային բյուջեից»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` նմանատիպ ուղևորափոխադրումների հաշվին պետք է կարողանան բյուջե գեներացնել , որպեսզի տրանսպորտից հիմնական օգտվողների համար ուղևորափոխադրումը լինի որակյալ և հասանելի։
Գրիգորյանն ընդգծեց, որ անկախ տրանսպորտի գնի թանկացումից, ոլորտը շարունակաբար սուբսիդավորման կարիք է ունենալու։
Տրանսպորտի գինը թանկացնելու են, դրա համար ինձ չեզոքացնում են. Մարությանին զրկեցին մանդատից
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստից միասնական տոմսային համակարգի հարցը հանվել է ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։
Երևանի քաղաքապետարանը առաջիկայում նախատեսում է միասնական տոմսային համակարգ ներդնել և վերանայել տրանսպորտի ուղեվարձի գնային քաղաքականությունը, ինչը բուռն քննարկման թեմա է դարձել։