ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողը 36 տարեկան է, Երկրապահ կամավորականների միության անդամ։ Տեղեկությունը հայտնում է ԵԿՄ–ն։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
«Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, անդրադառնալով Ներքին Հանդի սահմանային դեպքերին, ասել էր, որ 4 զոհերից մեկն ինսուլտ է ստացել։
ԵԿՄ–ից հայտնում են, որ երկրապահ կամավորական Գոռ Ռազմիկի Ասատրյանը (ծնված 1984թ․), նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել երեկ` փետրվարի 12-ին, մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։