ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ծանրամարտիկ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Իզաբելա Յայլյանը, որոնք պայքարի մեջ մտան 55 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունում մեր մարզուհիները այնքան էլ հաջող հանդես չեկան։ Գրիգորյանը 81 կգ արդյունքով 7-րդն էր, Յայլյանը` 80 կգ արդյունքով` 8-րդը։
Հրում վարժությունում Յայլյանը ցույց տվեց 100 կգ արդյունք ու երկամարտում ապահովեց 180 կգ–ը։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում Իզաբելան երկամարտի 196 կգ արդյունքով նվաճել էր բրոնզե մեդալ։ Հետևաբար այս առաջնությունում նա հաջող հանդես չեկավ։
Ինչ վերաբերվում է Ալեքսանդրա Գրիգորյանին, ապա 19-ամյա մարզուհին առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 105 կգ կշռող ծանրաձողը։ Իսկ հետո գերազանցելով բոլոր սպասելիքները` հայ երիտասարդ մարզուհին ֆենոմենալ արդյունքի հասավ` բարձրացնելով 115 կգ կշռող ծանրաձողը։
Ընդ որում` Ալեքսանդրան նվաճեց նաև ոսկե փոքր մեդալը հրում վարժությունում հաղթելու համար։
Վաղը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա Գոռ Սահակյանը, որը 60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է։