Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր. Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը կրկին ընդգծել է հայկական և ադրբեջանական զորքերի հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Նրանք անտեսել են ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ այս միջադեպը պետք է մանրամասն հետաքննել։ Սա կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը»,– ասել է Բորելը։
Նա ևս մեկ անգամ հաստատել է երկարաժամկետ խաղաղության մասին Եվրամիության հանձնառությունը՝ երկրների ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։
ՀՀ իրավասու մարմինները փետրվարի 12-ին հաղորդագրություն էին տարածել, որ հետաքննում են ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված կադրերն ու տեղեկությունները, ըստ որոնց՝ Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել։
Բայց փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։