Յուրաքանչյուր մարզում լինելու է 1 անձնագրային ծառայություն, Երևանում` 3-ը. Նելլի Դավթյան

Sputnik
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծմամբ ու նախկին համակարգում իրականացվող օպտիմալացման համատեքստում կրճատվում են նաև անձնագրային բաժինները։ «Յուրաքանչյուր մարզում լինելու է 1 անձնագրային ծառայություն, Երևանում` 3-ը»,– Sputnik Արմենիայի եթերում ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը` արձագանքելով օպտիմալացման գործընթացի շուրջ բարձրացած դժգոհություններին։
Հիշեցնենք` կառավարությունը որոշել է փակել Վարդենիսում գործող անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը։ Որոշումից դժգոհ վարդենիսցիները երեկ ի նշան բողոքի փակել էին Երևան Վարդենիս ավտոճանապարհը` հայտարարելով, որ դրանով սահմանամերձ դարձած համայանքի բնակիչների կյանքն էլ ավելի են բարդացնում։
Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` վստահեցրել, որ օպտիմալացումը պայմանավորված է ծառայությունների թվայնացման գործընթացով, իսկ մինչ այդ գործելու են անձնագրային շրջիկ կետեր։ Մարզպետի պատասխանը վարդենիսցիներին չէր բավարարել։ Քաղաքացիների կարծու են, թե անձնագրային բաժինը հանվում է, քանի որ իշխանությունը պատրաստվում է հանձնել տարածքը։