Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն օրերս տեսանյութ էր հրապարակել` «Բացահայտումներ դատական իշխանությունից» վերնագրով, որտեղ ներկայացվում էր, թե որ դատավորների մեղքով են ավարտվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետները, և թե ում պատճառով են տարիներով ձգձգվում մի շարք այլ հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի դատական քննությունները։
Տեսանյութն արդեն հանրային տարբեր հարթակներում արժանացել է ոլորտի ներկայացուցիչների, իրավաբանների սուր քննադատությանը։ Երեկ պաշտոական հայտարարությամբ հանդես եկավ նաև դատավորների միությունը, որում ասվում է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման։ Միությունը հրավիրել է նաև միջազգային գործընկերների ուշադրությունը և պատրաստվում է հայտարարությունն ուղարկել նաև նրանց։
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Sputnik Արմենիայի եթերում կարծիք է հայտնել, որ ԲԴԽ–ի նպատակն է այդ տեսանյութով ահ ու սարսափ տարածել մյուս դատավորների վրա, որոնք նմանատիպ, քաղաքական բաղադրիչով գործեր են քննում։