ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Հայաստանը շարունակում է բանակցությունները Վրաստանի հետ Սև ծովի հատակով նոր ինտերնետ-մալուխ անցկացնելու նախագծի շուրջ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։
Խոշոր նախագծի իրականացման գաղափարը Երևանը բարձրաձայնեց Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերը ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովին վաճառելուց հետո. բաժնետոմսերի գնումը ադրբեջանցիներին հնարավորություն է ընձեռում տեխնիկական մակարդակով վերլուծել ինտերնետ-թրաֆիքը, որոշ օրինաչափություններ գտնել և դրա հիման վրա որոշակի եզրակացություններ անել։ Այդ իսկ պատճառով 2021 թվականին հայկական կողմը որոշեց սեփական մալուխն անցկացնել։
«Վրացական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Դրանց արդյունքներով կմշակվի նախագծի վերջնական տարբերակը»,-հայտնեցին մեր հարցմանն ի պատասխան։
Գերատեսչությունում նաև պարզաբանել են, որ նախագծի իրականացումը թույլ կտա «ինտերնետ-բազմազանություն» ապահովել, բարձրացնել դրա հուսալիության և անկախության աստիճանը:
Հայկական նախագիծը թանկ է
Նոր մալուխի անցկացման վրա շուրջ 45 մլն եվրո կծախսվի։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տեխնիկատնտեսական հիմնավորում կազմել, մշակել շինարարության, կառավարման և ֆինանսավորման մոդելները: Երևանում հնարավոր են համարում Վրաստանի մասնակցությունը նախագծին՝ հաշվի առնելով դրա տարածաշրջանային կարևորությունը:
Հայկական կողմը վստահ է, որ նախագծի իրականացումը ոչ միայն թույլ կտա էապես բարձրացնել երկիր մտնող ինտերնետ-մալուխների անվտանգությունը, այլև նախադրյալ կդառնա տարածաշրջանում տվյալների փոխանցման հարցում Հայաստանը որպես տարանցիկ երկիր դիրքավորելու համար: Բացի այդ, նախագիծը կխթանի համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև, կարևոր կապող օղակ կդառնա Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք տարածաշրջանային միջանցքներում։
Վրացական Caucasus Online ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա ձգվող օպտիկական մալուխի օպերատորն է։ Դա ինտերնետ-թրաֆիքի ամենախոշոր գիծն է Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև։ Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներն էին, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Սակայն ներկայումս ընկերության բացարձակ սեփականատերը ադրբեջանական NEQSOL Holding-ն է։
Վրաստանին, տարբեր գնահատականներով, բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ-թրաֆիքի մոտ 80 տոկոսը։ Դրանից բացի, Հայաստանը դեպի Ռուսաստան գնացող ևս երկու մալուխ է օգտագործում՝ սևծովյան և ցամաքային։ Թրաֆիքի ևս 20%-ը բաժին է ընկնում դեպի Իրան գնացող մալուխներին։ Ընդ որում, այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես ինտերնետի տարանցիկ կետ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս՝ նաև դեպի Կատար գնացող թրաֆիքի համար։