ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները: «Իզվեստիա» թերթի հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Եվդոկիմովը նշել է, որ տարածաշրջանն ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո խաղաղապահ զորախմբի դերը փոխվել է: Այժմ ՌԴ խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ համատեղ իրականացնում են տարածքի պարեկություն, շենքերի և մշակութային կառույցների պահպանություն։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: Ռուսական խաղաղապահների գտնվելու ժամկետը լրանում է 2025 թվականին։