Մոնա Լիզայի համբավի գաղտնիքը. առեղծվածային ժպի՞տ, թե՞ հայրենասիրական առևանգում

Sputnik
Երբևէ փորձե՞լ եք անկեղծորեն պատասխանել աշխարհի երևի թե ամենաբարդ հարցերից մեկին, որն այսպես է հնչում` ենթադրենք, թե դուք գտնվում եք փարիզյան Լուվրում, որտեղ ցուցադրվում է Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը՝ «Մոնա Լիզան»։ Հանկարծ հրդեհ է բռնկվում, և դուք տեսնում եք դահլիճի անկյունում հուսահատ մլավող կատվին։ Ժամանակ չկա՝ կարող եք փրկել կա′մ «Մոնա Լիզային», կա′մ կատվին։ Ո՞ւմ կփրկեիք։ Մինչ գլուխ եք կորցնում պատասխան որոնելիս` ասեմ, որ իմ հանդիպած ամենահետաքրքիր պատասխաններից մեկը սա է եղել. «Եթե իմ կատուն լիներ, իհարկե, կփրկեի Մոնա Լիզային… Որովհետև հենց այդպես եմ անվանել փիսիկիս»։
Ի դեպ, ամենատարբեր հարցումների մասնակիցների մեծ մասը նույնպես հակվում է կատվի տարբերակին, ինչը հույս է ներշնչում՝ որքան էլ մենք արդարացիորեն քննադատում ենք ժամանակակից անտարբեր ու եսասեր հասարակությանը, պիտի խոստովանենք՝ դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ իսպառ չի վերացել մարդասիրությունը, լա′վ, գոնե կատվասիրությունը։ Բայց ամենահետաքրքիրն այն փաստարկն է, որով ոմանք բացատրում են իրենց որոշումը՝ բայց ինչո՞ւ ես պիտի գերադասեմ փրկել ոչ թե կենդանի էակին, այլ ինչ-որ նկար, որի գինն ընդհանրապես հայտնի չի, առեղծվածային ժպիտի մասին միֆը խիստ կասկածելի է, և որը հայտնի է դարձել գերազանցապես այն պատճառով, որ գողացվել է ավելի քան հարյուր տարի առաջ։
Համաձայնե′ք՝ այս տեսակետը հիմնավորում ունի։ Դժվար թե նույնիսկ ամենափորձառու մասնագետը հարմարձակվի գուշակել «Ջոկոնդայի» ստույգ արժեքն այն պարզ պատճառով, որ այդ կտավը երբեք աճուրդի չի հանվել։ Իսկ եթե հանվե՞ր։ Փորձագետները միանգամայն տարբեր վարկածներ են նշում՝ 860 միլիոն դոլարից մինչև երկուս ու կես միլիարդ։ Եվ այս տարատեսակ թվերն իրենց հիմնավորումն ունեն՝ նայած` որքան գումար են պատրաստ վճարել մեծահարուստները։ Կոնկրետ օրինակ բերեմ.
եթե Լեոնադրո դա Վինչիի գլուխգործոցը աճուրդի հանվեր անցած դարի սկզբին, աշխարհի առաջին միլիարդատերը՝ Ջոն Ռոքֆելլերը, դժվար էլ համաձայներ իր ողջ կարողությունը ծախսել ընդամենը մեկ նկարի վրա։ Այնինչ մեր օրերում, եթե ես լինեի Իլոն Մասկ և ունենայի ավելի քան 200 միլիարդ դոլար, անպայման նույնիսկ երկու միլիարդով կգնեի առեղծվածային ժպիտը. դա իմ հարաստության նույնիսկ մեկ տոկոսն էր չէր կազմի, փոխարենը կցուցադրեի Լիզայի դիմանկարը մեր Ազգային պատկերասրահում, ուր ամեն տարի հարյուրմիլիոնավոր զբոսաշրջիկներ կայցելեին, և վերջապես կիրականացնեի մեր իշխանությունների երազանքը՝ դարձնելով Հայաստանը տարածաշրջանային խաչմերուկ, միգուցե նույնիսկ տնտեսական, ֆինանսական ու մշակութային կենտրոն։
Ուկրաինացի գեղեցկուհու անհավանական արկածները Ճապոնիայում
Հիմա առեղծվածային ժպիտի մասին։ Անկեղծ խոստովանեմ, որ տարիներ առաջ, երբ առաջին անգամ մտա Լուվրի այն սրահը, որտեղ ցուցադրվում է «Մոնա Լիզան», շատ տարօրինակ զգացում ապրեցի։ Տասնյակ այցելուներ, հիմնականում չինացիներ և ճապոնացիներ, մեջքով էին շրջված դեպի նկարը։ Հետո նոր հասկացա՝ պարզապես սելֆի էին անում։ Բայց ամենազարմանալին այն է, որ կամաց-կամաց սկսեցի հասկանալ. նրանք, ովքեր ասում են, որ այդ կինը առեղծվածային ժպիտ ունի, լրիվ արդարացի են` ճիշտ այնպես, ինչպես նրանք, ովքեր համոզված են, որ խորհրդավոր ժպիտի մասին բոլոր պնդումները պարզապես միֆ են։
Հետո արդեն կարդացի հայտնի մասնագետների բացատրությունները և հասկացա, որ իմ տպավորությունն ամենևին էլ խաբուսիկ չէ. ժպիտը մեկ հայտնվում, մեկ անհայտանում է։ Փորձեմ շատ պարզանուկ, սիրողական մակարդակով բացատրել այս երևույթը։ Երբ դուք կենտրոնացած նայում եք Մոնա Լիզայի ուղիղ աչքերին, դա բոլորովին չի նշանակում, որ լիովին անջատվում է ձեր, այսպես ասենք՝ հավելյալ, կողմնակի տեսողությունը, այսինքն` դուք շատ աղոտ տեսնում եք նաև նրա շուրթերը, որոնք նկարչի օգտագործած բարդ տեխնիկայի շնորհիվ ժպիտի տպավորություն են թողնում։ Բայց երբ աչքերից ուշադրությունը տեղափոխում եք դեպի շուրթերը, ժպիտը հետզհետե վերանում է։ Չգիտեմ, ես սա զգացել եմ։ Եթե համաձայն չեք, գնացեք Փարիզ, և վե′րջ։
Սակայն բազմաթիվ արվեստաբաններ պնդում են՝ աշխարհի ամենահայտնի նկարի համբավը «Ջոկոնդային» պարգևել է Լուվրի թանգարանային աշխատող, դեկորատոր Վինչենցո Պերուջան, որը 1911 թվականին, չե′ք հավատա, պարզապես հանել է նկարը պատից ու տարել տուն։ Իհարկե, մեր ծանրակշիռ լուման ենք ներդրել նաև մենք՝ ամեն ինչ չափազանցել սիրող լրագրողներս։ Հո չէի՞նք գրելու, որ Լուվրից պարզապես հազարավոր նկարներից մեկն է գողացվել, սենսացիա էր պետք, և մենք այն ապահովում էինք այն երկու տարվա ընթացքում, երբ ոստիկանությունը փնտրում էր գողին։ Գրում էինք՝ Լուվրից հափշտակվել է աշխարհի ամենահայտնի նկարը։ Եվ հասանք մեր նպատակին։
Կտեսնի՞ արդյոք Անահիտին նրա վերադարձի համար պայքարած Արմեն Աշոտյանը
Չեք պատկերացնի, բայց Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունն ըմբոշխնելու համար նախկինում ավելի քիչ այցելու էր գալիս Լուվր, քան դրա առևանգումից հետո. մարդիկ գալիս էին` տեսնելու պատի այն կեռիկները, որոնցից կախված էր նկարը։ Եւ ուրեմն կարելի է համաձայնել BBC-ի մեկնաբանի կարծիքին՝ երկու տարի անց, երբ կտավը վերադարձվեց, այն իրոք արդեն աշխարհի ամենահայտնի նկարն էր՝ շնորհիվ հենց այն հանգամանքի, որ գողացվել էր։
Իսկ ինչո՞ւ էր գողացվել։ Պերուջան պնդում էր՝ որովհետև այն պատկանում է իմ հայրենիքին՝ Իտալիային։ Այստեղից եզրակացություն. երբեք մի′ նմանվեք հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներին ու միանշանակ մի′ պնդեք. «Ես չեմ պատկերացնում մի մարդ, որն ինձնից ավելի հայրենասեր լինի։ Չի′ կարող նման բան լինի, դա բացառված է»:
Հայրենասիրությունը, ինչպես տեսնում ենք, շատ տարբեր արտահայտություններ կարող է ունենալ, նույնիսկ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տեսքով։