ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն է ընտրվել Էդիտա Գզոյանը։ Տեղեկությունը հայտնում է թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գզոյանը պատմական գիտությունների թեկնածու է, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն։
Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը:
«Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ թեկնածուի՝ Էդիտա Գզոյանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանել է նաև հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գզոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ասել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը 2018 թվականից զբաղեցնում էր Հարություն Մարությանը։