ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Այս տարի Երևանում 400 թեքահարթակ կկառուցվի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանի քննարկմանն է ներկայացվել թեքահարթակների երեք էսքիզ` միակողմ, երկկողմ և եռակողմ։
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար տեղաշարժը հեշտացնելու նպատակով թեքահարթակները կլինեն բազալտե անհարթ սալիկներով և դեղին ներկված։
«Ունենք տեխնիկական հստակ բնութագիր, որով պետք է առաջնորդվենք։ Եթե որևէ վարչական շրջան թեքահարթակ է կառուցում, այս ստանդարտով է առաջնորդվելու»,– հայտարարեց Ավինյանը։
Նա վստահեցրեց` հետևելու են, որ շինարարները նույնպես խստորեն հետևեն այս ստանդարտին, քանի որ Երևանի քաղաքապետարանն անորակ աշխատանք չի ընդունելու։