ԵՄ խորհուրդը թույլատրել է ՌԴ սառեցված ակտիվների շահույթն օգտագործել Ուկրաինայի համար

Ուկրաինայի և ԵՄ դրոշները
ԵՄ Խորհրդի որոշումը ճանապարհ է բացում այդ միջոցները որպես ֆինանսական ներդրում Եվրամիության բյուջեում օգտագործելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Եվրամիության խորհուրդը կանոնակարգ է ընդունել, որը իրավական հիմք է ստեղծում ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինային ուղղելու համար: Այս մասին ասվում է այսօր ԵՄ մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Փաստաթղթում հստակեցվում է արժեթղթերի կենտրոնական պահառուների դերը Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում արգելափակված ակտիվների և պահուստների հաշվառման գործում։
Նշվում է, որ 1 մլն եվրոյից ավելի ակտիվներ կառավարող պահառուները պարտավոր են առանձին հաշվի առնել և պահպանել այդ միջոցառումների արդյունքում ստացված եկամուտները: Այդ շահույթի հետագա տնօրինումը սահմանափակ է։
ԵՄ Խորհրդի որոշումը ճանապարհ է բացում այդ միջոցները որպես ֆինանսական ներդրում Եվրամիության բյուջեում օգտագործելու համար, որը նախատեսված է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, հետագայում նաև վերականգնման և վերակառուցման վրա ծախսելու համար: