Բաքվում բարկացել են ԵՄ-ի վրա և դեսպան Միխալկոյին ԱԳՆ են կանչել

ԵՄ դեսպանին հայտարարվել է, որ «Եվրոպայի պաշտոնյաների» բոլոր այցերը սահմանային գոտի «օգտագործվում են անհիմն ադրբեջանաֆոբիայի տարածման համար»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Հանդիպմանը դեսպանին հայտարարվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություն է առաջացնում:
Նշվում է, որ ԵՄ առաքելությունը, հակառակ հայտարարված նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության կառուցումը, լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք:
«Միխալկոյին տեղեկացրել են, որ առաքելությունն, ըստ էության, դարձել է «հեռադիտակային դիվանագիտության» գործակալը, որը նպաստում է Եվրոպայի տարբեր պաշտոնատար անձանց և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերի կազմակերպմանը սահմանամերձ շրջաններ։ Ընդգծվել է, որ այս շարքի առանց բացառության բոլոր այցերն օգտագործվում են Ադրբեջանի նկատմամբ ատելությունը խրախուսելու և անհիմն ադրբեջանաֆոբիա տարածելու համար», - հայտարարել է ԱԳՆ-ն։
Ավելի վաղ ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ֆրանսիան Ջերմուկից նախապատրաստում է Հայաստանի «հարձակումը Ադրբեջանի վրա»՝ ԵՄ առաքելության աջակցությամբ: Բացի այդ, լրտեսության և ԵՄ առաքելության հետ կապերի մեջ մեղադրվում է Ադրբեջանի կողմից սահմանին ձերբակալված Չեխիայի քաղաքացին:
ԵՄ նոր երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։ Որպես խնդիր նշվում է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության ամրապնդումը, տեղերում վստահության մթնոլորտի ձևավորումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող պայմանների ապահովումը:
Դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն):
ՀՀ կառավարությունը ՍԴ է ուղարկել ԵՄ դիտորդների կարգավիճակի մասին համաձայնագիրը