ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կասկածներ ունի, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 նստարանների հարցում քրեական տարրեր կան։ Նա այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երբ մետաղական կմախքով և տախտակներով պատրաստված նստարանները ուսումնասիրվել են, պարզվել է, որ դրանց տեղադրումը չի համապատասխանում նախագծին, իսկ որակը` պահանջված ստանդարտին և գնին:
Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել նստարանները վերականգնելու կամ փոխարինելու համար։
«Ենթադրյալ պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա։ Ես ուղղակի պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք ունեք աշխատակիցներ, և ենթադրվում է, որ որոշ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն»,– հայտարարեց Ավինյանը:
Նա ընդգծեց` եթե երևանցիներն ինչ–որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել:
«Ես չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն»,– ընդգծեց Ավինյանը:
Նրան զեկուցվեց, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը պարտավորվել է 20 օրում վերացնել թերությունները: