Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան

Արմեն Եգանյան
Դիվանագետը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է նշանակվել 2023 թվականի մարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը համատեղության կարգով նշանակել է Կոլումբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նշանակման համար հիմք է ընդունվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Արմեն Եգանյանը ծնվել է 1968թ.–ի հունիսի 26–ին Թբիլիսիում, սովորել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
2003-2006թթ.–ին նա եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, 2011-2017թթ․–ին` Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2018թ․–ի հունիս-օգոստոսին եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2018-2020թթ․–ին` ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ, իսկ 2020թ-ից` ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ։
Բրազիլիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2023 թվականի մարտին։