Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից մի քանի գյուղերի բնակիչներ այսօր երկու անգամ փակել էին քաղաք տանող գլխավոր ճանապարհը։
Քաղաքացիները բողոքում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ` տարակուսելով, որ դրանով սահմանային բնակիչների` առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում:
Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել ծառայության տարածքային ստորաբաժանումների։
Ճանապարհը փակած քաղաքացիների հետ հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ցուցարարների զգալի մասը լսել ու հասկացել է իր պարզաբանումները, իսկ մնացածների ովւմ կան մարդիկ, որ առաջնորդվում են նեղ, անձնական շահով։