Ճանապարհային նշաների տեղադրումն այդքան էլ ծախսատար չէ․Հայրումյան

Sputnik
Մասնագիտությամբ ծրագրավորող, գործարար Էդուարդ Հայրումյանը մի քանի տարի է, ինչ ճանապարհային երթևեկության ինքնաշեն նշաններ է տեղադրում իրեն հանդիպած բոլոր այն ավտոճանապարհներին, որոնց վրա չկան «ճանապարհային խոչընդոտ» և «ճանապարհային խոչընդոտի հաղթահարում աջից ու ձախից» նշանները։
Դրանք պետք է տեղադրեն պատկան մարմինները, սակայն նրանց անգործության բացը լրացնում է Հայրումյանը։ Նա Երևանում ու մայրաքաղաքին հարող հատվածներում ուսումնասիրել է առավել վտանգավոր գոտիները, որոնցում առավել հաճախ են լինում ավտովթարներ ու ճանապարհային պատահարներ։
Հայրումյանը ավտոյուղի տակառները ներկում է համապատասխան գույներով ու տեղադրում դրանք այն վայրերում, որոնք խոչընդոտ են երթևեկության համար։
Ավտոյուղերի տակառները Էդուարդին նվիրում է ընկերը, որը ավտոյուղերի վաճառքի կետ ունի, տակառներն էլ ներկում են մեկ այլ ընկերոջ կահույքի արտադրամասում։
Էդուարդ Հայրումյանի խոսքով՝ այդ ձևով ճանապարհային նշաններ սարքելն այնքան էլ ծախսատար չէ և կարող է կյանքեր փրկել։