Փառքի անկյուններն ապամոնտաժելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ խոսնակ

Sputnik
Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր Պաշտպանության նախարարության զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:
Թորոսյանի խոսքով՝ իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ:
«Լուրերը՝ թե Փառքի անկյուններն ապամոնտաժվում են ու չեն վերականգնվելու՝ իրականությանը չեն համապատասխանում»,-ընդգծել է Թորոսյանը։