Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթավերջին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի անցած տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Հաշվետվության համաձայն՝ Հայաստանում նպաստառու ընտանիքների թիվը 2023 թվականին նվազել է 18 տոկոսով կամ 15 799-ով։ Ըստ Փաշինյանի՝ նվազումը հիմնականում պայմանավորված է վարչարարությամբ, որի շնորհիվ նպաստառուների ցանկից հանվել են այն ընտանիքները, որոնք իրականում նպաստի կարիք չունեն։
Պաշտոնական վիճակագրության համաձայն 7-ից 8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու համար դիմողների թիվը։ Ըստ վարչապետի՝ այս հանգամանքն էլ խոսում է տնտեսական աճի մասին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը անդրադառնալով Միասնական սոցիալական ծառայության հաշվետվությունում ներկայացված թվերին ու դրանց վերաբերյալ վարչապետի դիտարկումներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ նպաստառուների թվի նվազումը չի նշանակում, թե աղքատությունը նվազել է։