ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Սիրիան մի քանի պատերազմներ է մղել Իսրայելի դեմ և պատրաստ է նորերին, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Սիրիան մի քանի պատերազմներ է մղել սիոնիստական միավորման (Իսրայելի - խմբ.) դեմ և պատրաստ է այլ պատերազմների: Սիրիան կորոշի, թե երբ և որտեղ», - ասել է Միկդադը:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացիան անօրինական է, ընդգծելով, որ Սիրիան «պատրաստ է ազատագրել իր հողերը»։
Աբդոլլահիանն այսօր ժամանել է Դամասկոս՝ բանակցելու սիրիացի մի շարք պաշտոնյաների հետ։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայելին, սպառնում են ընդլայնել հակամարտության մասշտաբները Մերձավոր Արևելքում։
Վերջերս Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին, այդ թվում՝ Դամասկոսին։