ՌԴ–ից հեղուկ գազի գնումները սահմանափակելու ԵՄ-ի փորձերը հավասար են սեփական ոտքին կրակելուն

Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ–ն մեջբերել է Բելգիայի օրինակը, որը 80%–ով կախված է էներգակիրների ներմուծումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետվարի – Sputnik. Ռուսաստանին բնական հեղուկ գազի գնումները սահմանափակելու ԵՄ–ի փորձերը գների կտրուկ ցատկ կառաջացնեն, ինչը հավասարազոր կլինի «սեփական ոտքին կրակելուն»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Ստուդեննիկովը։
«Էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ լիարժեք համագործակցությունից հրաժարվելը բացասական է անդրադառնում արդյունաբերական արտադրության, ձեռնարկությունների մրցունակության, արտահանման հնարավորությունների և բնակչության գնողունակության վրա։ Եվրոպային գազը պարզապես անհրաժեշտ է», – նշել է Ստուդեննիկովը։
Նա մեջբերել է Բելգիայի օրինակը, որը 80%–ով կախված է էներգակիրների ներմուծումից։
«Եվրոպական մի շարք էներգետիկ ընկերություններ դիտարկում են Ռուսաստանից գազի մատակարարումները որպես ներմուծման դիվերսիֆիկացման տարբերակներից մեկը` հաշվի առնելով ԵՄ–ի կախվածության ուժեղացումը ամերիկյան հեղուկ գազից», –հավելել է դիվանագետը։
Նախորդ տարվա դեկտեմբերին ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին ներքին էներգետիկ շուկայի համար նոր դրույթի վերաբերյալ, որը մի շարք ընդհանուր կանոններ է սահմանում եվրոպական շուկայի վերականգնվող էներգիայի աղբյուրների, բնական գազի և ջրածնի համար։ Ակնկալվում է, որ այդ կանոնները թույլ կտան ԵՄ երկրներին սահմանափակումներ կիրառել Ռուսաստանից և Բելառուսից բնական գազի, այդ թվում՝ բնական հեղուկ գազի մատակարարումների համար։
Առանց նավթի և գազի. Ռուսաստանը ԱՄՆ-ից և Եվրոպայից գումար վաստակելու ևս մեկ միջոց է գտել
Նոր օրենսդրությունը կնպաստի նաև վերականգնվող և ցածր ածխածնային էներգիայի աղբյուրների ներդրմանը և հանածո վառելիքի օգտագործման նվազեցմանը։ Բացի այդ, այն միտված է ԵՄ երկրների հետ բնական գազի գործող համատեղ գնումների մեխանիզմի ընդլայնմանը, սակայն այդ մեխանիզմը ռուսական վառելիքի գնում չի ենթադրում։
ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի նախնական պայմանավորվածությունը պետք է հաստատվի ԵՄ երկու ինստիտուտների կողմից օրինագծի ֆորմալ ընդունմամբ։ Օրինագիծը Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2021 թվականի դեկտեմբերին` Fit for 55 կլիմայի չեզոքությանը հասնելու փաթեթի շրջանակում։