Պատերազմը ցույց տվեց, որ տեխնոլոգիաների դար է. գյումրեցի դեռահասների ստեղծած պրոդուկտները

Հայաստանի մարզերում ապրող դեռահասները «Խորը ինժեներական կրթական ծրագրի» շրջանակում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք պրոդուկտներ են ստեղծել, որոնք ներկայացրել են Sputnik Արմենիայի նկարահանող խմբին։
Sputnik
ՀՀ մարզերում ապրող հայ դեռահասների թեթև ձեռքով սովորական սենյակը խելացի կառավարվող է դառնում, թափոնային մեքենան` ամենագնաց «Բագի»։ Այստեղ անգամ ջերմոցները «գիտեն», թե երբ է իրենց ջուր պետք ու որքան։ Երեխաներն այս գիտելիքները յուրացրել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) «Խորը ինժեներական ծրագրի» շրջանակում։ Իսկ թե ինչպես են նոր գաղափարներ ծնվում, Sputnik Արմենիայի նկարահանող խմբին պատմել են ծրագրի մասնակիցները։
Խորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցներ
Նշենք, որ ծրագրի շրջանակներում դեռահասները ստանում են մեխանիկայի, էլեկտրոնիկայի և ծրագրավորման մասին գիտելիքներ։
Խորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցները
Մասնագիտությամբ ինժեներ Մանվել Վաթոյանն ինքն էլ եղել է GITC–ի շրջանավարտ։ Խոստովանում է, որ սկզբում շատ պարտություններ է ունեցել, բայց ամեն պարտությունից փորձել է դասեր քաղել ու հիմա նույնը սովորեցնում է դեռահասներին։
Մանվել Վաթոյան
Նա վստահ է, որ հաջողության կարելի է հասնել միայն սեփական սխալներն ընդունելով ու դրանք շտկելով։
«Երեխաները ջանասիրաբար աշխատում են, իրենց հետաքրքիր է այս ամեն ինչը։ Կան որոշակի դժվարություններ, որոնք միասին հաղթահարում ենք, բայց հիմնականում իրենք պատրաստակամ են սովորելու։ Արդյունքը գոհացուցիչ է»,–ասաց նա։
Այժմ երեխաներն աշխատում են մի քանի նոր պրոդուկտների` այդ թվում խելացի ջերմոցի, ձեռքով կառավարվող ռոբոտի նախագծման վրա։ Շուտով պատրաստ կլինի նաև հայկական արտադրության առաջին ոչ կանխիկ վենդինգ (վճարային) ապարատը։
«Խելացի սենյակի» ծաղիկները
«Ծրագրի մասնակիցները սկսում են էլեկտրոնիկա ուսումնասիրելուց, հետո Arduino–ով ծրագրավորվող սալիկի հետ աշխատել են սովորում, հետո կամաց–կամաց յուրաքանչյուր սենսորի ծրագրավորումը սովորելով` սկսում են դեպի պրոյեկտ քայլեր անել։ Հետո ըստ իրենց գաղափարների` ձևավորում են նոր պրոյեկտներ, և դրանք միասնական ջանքերով իրականացվում են»,–ասաց Վաթոյանը։
Գյումրեցի դեռահասների ստեղծած հավելվածը
Նրա խոսքը շարունակում է 18–ամյա Արման Ալվանջյանը, որը մանկուց սեր է ունեցել էլեկտրոնիկայի հանդեպ, չնայած ընտանիքում այս ոլորտով ոչ մեկը հետաքրքրված չէ։ Ժպիտով ասում է` ինքն իրենց տան առաջին ինժեները կլինի, բայց ոչ վերջինը։
Արման Ալվանջյան
«Այս ընթացքում մասնակցել եմ խելացի կառավարմամբ սենյակի և հյուրատան ստեղծման աշխատանքներին և շատ այլ պրոյեկտների։ Ես ինձ պատկերացնում եմ ինժեներության ոլորտում։ Այժմ նաև անօդաչու սարքեր եմ հավաքում։ Դա էլ սովորել եմ այս ծրագրից առաջ»,–ասաց նա։
Արմանը մտադրություն ունի ծրագրի մասնակիցներին առաջարկել միասին ԱԹՍ–ներ հավաքել։ Ասում է` պատերազմը ցույց տվեց, որ հիմա զենքի դար չէ, տեխնոլոգիաների դար է։ Այդպես կկարողանան մի բանով օգնել պետությանը։
Խորը ինժեներական կրթական ծրագրի մասնակիցն աշխատանքի ժամանակ
Նշենք, որ ծրագրի շահառուների ցանկում քիչ չեն նաև աղջիկները։ Օրինակ, 16–ամյա Աննա Մանուկյանը 12 տարեկանից հետաքրքրված է ինժեներությամբ և ռոբոտաշինությամբ։
«Այստեղ բազային գիտելիքներ եմ ձեռք բերել, էլեկտրոնիկայի դասընթացից տարբեր սարքեր եմ ուսումնասիրել, իսկ մեխանիկայից տարբեր դետալներ եմ հավաքել»,–ասաց նա։
Աննա Մանուկյան
Աննան ուրախ է, որ այլ կենտրոններից ռոբոտաշինության ոլորտում ստացված գիտելիքները սովորում է կիրառել նաև այստեղ։ Անհամբերությամբ սպասում է ձեռքով կառավարվող ռոբոտի նախագծման ավարտին։
Մինչ դեռահասները զբաղված են նոր պրոդուկտների նախագծմամբ, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Յուլյանա Հովհաննիսյանը մեր նկարահանող խմբին ցույց է տալիս երեխաների ստեղծած խելացի համակարգով կառավարվող սենյակը։
Յուլյանա Հովհաննիսյան
Երեխաները սիրում են հեռախոսի հավելվածն անվանել նաև «Վառեմ– մարեմ»։ Օգտվելով հավելվածի հրահանգներից ու սեղմելով դռան վրա` հնարավոր է այն բացել – փակել, լույսը միացնել– անջատել, ինչպես նաև ջրել բույսերը։ Նույն հավելվածով կառավարվում է նաև տեխնոլոգիական հյուրատունը։ Այն ոչ միայն եռանկյունաձև գեղեցիկ տնակ է, այլև այնտեղ ամեն ինչ ավտոմատացված է։
Տեխնոլոգիական հյուրատունը
Մեզ հաջողվեց նկարահանել նաև դեռահասների ստեղծած Խորը ինժեներական կրթական ծրագրի մասսնակիցները։ 16-17 տարեկան մոտ 20 դեռահասներ են մասնագետների օգնությամբ նախագծել թափոնային մեքենան։ 6 ամսում ամբողջությամբ փոխվել է մեքենայի էլեկտրոնիկան, մեխանիկան, մեքենային տրվել է նոր տեսք։
Խորը ինժեներական կրթական ծրագրի մենեջեր Բաբկեն Թովմասյանը «Բագի» ամենագնացի կողքին
Կարճ ժամանակում ամենագնացը սիրվել է ու հայտնի դարձել։ Այն նախատեսված է սարերում զբոսաշրջությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար։
«Բագի» ամենագնացը
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին Շիրակի մարզում, երբ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը հասկացել է, որ պատերազմի ելքը միգուցե այլ լիներ, եթե 21–րդ դարում Հայաստանը տեխնոլոգիապես ավելի զարգացած լիներ։ Առաջին տարվա հաջողությունից հետո ծրագիրն ընդլայնվել է, այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։