Փաշինյանն ու Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի ղեկավարներին

ՀՀ վարչապետը կարևորել է առկա մարտահրավերներին Իրանի հետ համատեղ ջանքերով հաղթահարելու վճռականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Ուրախ եմ արձանագրել, որ ներկայում Հայաստանի և Իրանի միջև առկա է սերտ ու փոխշահավետ համագործակցություն, որը վստահաբար առավել կամրապնդվի՝ ի նպաստ հարևան երկու ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության»,-նշված է ուղերձում։
Փաշինյանը կարևորել է առկա մարտահրավերները համատեղ ջանքերով հաղթահարելու վճռականությունը։
ՀՀ վարչապետը Իրանի պաշտոնյաներին քաջառողջություն է մաղթել, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին։ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում առկա զգալի ներուժի և քաղաքական կամքի շնորհիվ հայ-իրանական բազմոլորտ համագործակցությունը կշարունակի խորանալ և զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: