ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն։ Նա ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։
Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ թիմի առաջատար ատլետներն արդարացրել են սպասելիքները․
«Թե՛ Երվանդը, թե՛ Լևոնը լավ հանդես եկան ու արդարացրին սպասելիքները։ Իհարկե, Լևոնը կարող էր նաև ոսկե մեդալը նվաճել, ցավոք՝ չստացվեց։ Երվանդը գերազանց մարտավարություն վարեց ու իր փորձի հաշվին առաջ անցավ բավականին ուժեղ մրցակիցներից։ Այս արդյունքի շնորհիվ նա իրավունք ստացավ մասնակցելու Բեգրադի փակ մարզասրահում փետրվարի 13-ին մեկնարկելիք մրցաշարին»։
Հիշեցնենք՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված էին նաև վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը: