ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիայի 40 նոր F-16 կործանիչ վաճառելու և F-16 կործանիչների արդիականացման գործարքը։ Այս մասին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է X-ի էջում։
«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայում F-16 կործանիչների առկայությունը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա փոխգործունակությունն ապահովելու նպատակով», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Ինչպես նշում է TRT հեռուստաալիքը, թուրքական հայտի վերանայման երկշաբաթյա գործընթացը, որը սկսվել էր հունվարի 26-ին, ավարտվել է գործարքի հետագա իրականացման համար առանց որևէ խոչընդոտի։ Այս ընթացքում կոնգրեսականները կարող էին առարկություններ ներկայացնել:
Առարկություն է ներկայացրել միայն սենատոր Ռենդ Փոլը։ Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, նրա դիմումը հետագա ընթացք չի ունեցել մինչև թուրքական հայտի քննարկման ժամկետի ավարտը։
Այսպիսով, ԱՄՆ օրենսդրության տեսակետից Թուրքիային կործանիչների վաճառքն ավարտին հասցնելու համար խոչընդոտներ չեն մնացել։
Գործարքի ընդհանուր գումարը կկազմի 23 մլրդ դոլար։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ կործանիչների վերաբերյալ որոշում է ակնկալում ԱՄՆ Կոնգրեսից մինչև փետրվարի 10-ը։ Նա նշել էր, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև նախնական պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի F-16-ների վաճառքի հարցում այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։