Թբիլիսյան խճուղիում բռնկված հրդեհի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Հրդեհ Թբիլիսյան խճուղիում
Հոդվածներից մեկը վերաբերում է գույքը ոչնչացնելուն կամ վնասելուն, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Երևանի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 357-րդ հոդվածի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը) 2-րդ մասով: Ձևավորվել է քննչական խումբ։
Կատարվում է նախաքննություն: Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր` ժամը 09:40-ին, ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Պայթյուն չի եղել, ծխահարվածներ կան․ ՆԳՆ–ն` Երևանում բռնկված խոշոր հրդեհի մասին