Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ընթացքում իջել է 11 սմ-ով

Սևանա լիճ
Տեղումներն ու գոլորշիացումը եղել են նորմայի սահմաններում, իսկ ջրային հաշվեկշիռը՝ բացասական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Սևանա լճի մակարդակը 2023 թվականին իջել է 11 սանտիմետրով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է տարեկան ջրային հաշվեկշիռը։
«2023 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (այդ թվում` ջրատարով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 114.456 մլն խմ, իսկ Սևանա լճից բացթողնված ջրի քանակը Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքով կազմել է 228.234 մլն խմ»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից։
Արդյունքում Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2023 թվականին բացասական է եղել՝ -140.1 մլն խորանարդ մետր։
Ըստ ցուցանիշների՝ նախորդ տարվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խորանարդ մետր, որը կազմում է նորմայի 66%-ը։ Տեղումների քանակը լճի մակերևույթի վրա (499.1 մլն խոր.մ) և գոլորշացումը լճի մակերևույթից (1059.5 մլն խոր.մ) եղել են նորմայի սահմաններում՝ 97-100%։
Փաշինյանը դժգոհեց Սևանա լճում սիգ որսալու քվոտայի ցածր իրացումից